ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս տարի բուհը ճանապարհել է 966 շրջանավարտի, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ընդգծելով, որ Ռուս-Հայկական համալսարանը գիտակրթական կարևոր հարթակ է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ որպես երկու պետությունների համագործակցության առանցքային հանգույց, նախարարի տեղակալը նշել է, որ նախընթաց տարում վավերացվել է Ռուս-Հայկական համալսարանի գործունեության միջպետական նոր համաձայնագիրը, որը նախանշում է բուհի հետագա զարգացումը։
Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները բուհում ստացած գիտելիքներով ու կարողություններով ներդրում են ունենալու մեր պետության զարգացման, գիտական, տնտեսական և հասարակական առաջընթացում։ Նա շրջանավարտներին մաղթել է հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









