ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ինչպես ընդունվել գերմանական բուհ. 5 փաստ՝ Գերմանիայում սովորելու մասին

Ի՞նչ արժե ուսումնառությունը գերմանական բուհում, ինչպե՞ս գտնել համապատասխան համալսարան ու կրթաթոշակ, պարտադի՞ր է արդյոք ընդունվելու համար իմանալ գերմաներեն։ DW-ն ներկայացնում է ամենաշատ տրվող հարցերի պատասխանները։

Եթե ցանկանում եք բարձրագույն կրթություն ստանալ գերմանական որեւէ բուհում, բայց չգիտեք՝ ինչից սկսել, այս տեղեկատվությունը ձեզ համար է։

Ինչ արժե կրթությունը Գերմանիայում

Փաստ առաջին. Գերմանական պետական բուհերում կրթությունն անվճար է։ Բացառություն է Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասը Գերմանիայի հարավում, որտեղ ոչ Եվրամիությունից եկած ուսանողները պետք է սեմեստրի համար վճարեն 1500 եվրո։

Հիշեցնենք, որ գործնականում բոլոր համալսարաններում սեմեստրային դրամահավաքներ են կատարվում։ Սովորաբար խոսքը 50-400 եվրոյի մասին է, որոնց միջոցով վճարվում են տրանսպորտային, մարզական խմբակների ու լեզուների դասընթացների մասնակցության ծախսերը։

Կարեւոր է իմանալ. Գերմանիա ուսանողական վիզա ստանալու համար պետք է ապացուցել, որ դուք բավականաչափ գումար ունեք այնտեղ բնակվելու համար։

Առաջին տարբերակը՝ բացել արգելափակային հաշվեհամար, որից ամեն ամիս կարելի է հանել միայն որոշակի գումար։ Փողը հաշվեհամարին պետք է փոխանցվի ուսումնական առաջին տարում, այժմ դա կազմում է 10332 եվրո (վիզայի համար դիմելուց առաջ ստուգեք տեղեկատվությունը դեսպանատան կայքում, քանի որ այս թիվը գործնականում ամեն տարի փոխվում է)։

Մյուս տարբերակը երաշխավորություն ստանալը, ծնողների ֆինանսական վիճակի մասին տեղեկանքներ ներկայացնելը կամ կրթաթոշակ գտնելն է։ Կազմակերպություններն ու հիմնադրամները շատ են, գլխավորը՝ պետք է փորձել։

Ի՞նչ անել, եթե կրթություն ստանալու համար փող չկա

Գերմանիայիում բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք կրթաթոշակ են տալիս։ Նախ եւ առաջ դա Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունն է (DAAD), ապա տարբեր հիմնադրամներ՝ Ալեքսանդր ֆոն Հումբոլտի, Հենրիխ Բյոլի, Ֆրիդրիխ Էբերտի, Կոնրադ Ադենաուերի, Ռոզա Լյուքսեմբուրգի ու այլոց անուններով։

Պե՞տք է արդյոք լավ գերմաներեն իմանալ

Ինչ վերաբերում է լեզվին, ապա ամեն ինչ կախված է բուհից ու ընտրած ուղղությունից։ Հաճախ տեխնիկական մասնագիտությունների համար բավարար է անգլերենի իմացությունը, բայց երբեմն պետք են սերտիֆիկատներ, որոնք փաստում են երկու լեզուների իմացության աստիճանը։ Հումանիտար ուղղության համար հիմնականում պահանջվում է գերմաներենի իմացության բարձր մակարդակ։ Այն ուսանողների համար, որոնք Գերմանիայում նախաբուհական պատրաստության քոլեջ են ավարտել, լեզվական սերտիֆիկատ պետք չէ։  Կոնկրետ տեղկատվության համար պետք է դիմել կոնկրետ բուհի։

Գերմանիայում բազմաթիվ բուհեր ու ֆակուլտետներ կան, ո՞ւր դիմել

Նախ կողմնորոշվեք, թե ինչ մասնագիտություն եք ընտրում, նայեք՝ ինչ ուղղություններ են հեռանկարային համարվում գերմանական շուկայում, եթե ցանկանում եք հետագայում աշխատանք գտնել այդտեղ։ Ապա ուսումնական ծրագրեր փնտրեք Hochschulkompass.de, Studieren.de եւ Zeit.de/Campus կայքերում։

Ինչ վերաբերում է հենց բուհերին, ապա պետք է ուշադրություն դարձնել նրանց դիրքին համաշխարհային վարկանիշային ցանկերումընդհանուր առմամբ եւ ըստ մասնագիտացման։

Ես արդեն բարձրագույն կրթություն ունեմ, ուշ չէ՞ սկսել սովորել Գերմանիայում

Գերմանացի ուսանողների տարիքը տարբերվում է սովորական հայաստանյան չափանիշներից։ Հիմնականում դա պայմանավորված է այն բանով, որ Գերմանիայում դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները դադար են վերցնում, որպեսզի ճանապարհորդեն, տարբեր դասընթացների հաճախեն ու ապագայի վերաբերյալ ծրագրերը կոնկրետացնեն։

Գերմանիայում բակալավրի դիպլոմ ստանում են միջինը 23-24 տարեկանում, այնպես որ հաստատ չէ, թե դուք մեծ կլինել ձեր համակուրսեցիներից։ Իսկ ամենագլխավորը՝ գերմանական բուհեր ընդունվելու տարիքային սահմանափակումներ չկան։