Բուհական ընդունելության քննությունների երկու փուլերի անցկացումից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որոնցից 219-ը՝ անվճար, 955-ը՝ վճարովի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Հունվարի 15-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միասնական քննություններին մասնակցել է ավելի քան 41,500 դիմորդ։
«Բուհերում հատկացված էր 2142 անվճար տեղ, 9984՝ վճարովի։ Հիմնական մրցույթի արդյունքներով՝ միասնական քննություններով բուհ են ընդունվել 7719, ներբուհական քննություններով՝ 2069, ընդհանուր՝ 9788 դիմորդ։ Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի էին, ունեինք 2035 թափուր տեղ՝ անվճար 264, վճարովի՝ 2091, մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել»,- ասաց Նասիբյանը։
Նրա խոսքով՝ չհայտագրված դիմորդները նրանք են, որոնք կարող են միավորները պահել հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար կամ էլ այն տղաներն են, որոնք արդեն զորակոչվել են բանակ։ Լրացուցիչ փուլի արդյունքներով՝ բուհ են ընդունվել 1182 հոգի, որոնցից 47-ն անվճար և 1135-ը՝ վճարովի։ Երկու փուլերի մրցույթի արդյունքում ընդունվել է 10970, դուրս են մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։
Դիմորդների թվով առաջատար եռյակում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Պետական բուհերում 25 մասնագիտություններով դիմորդ ընդհանրապես չկա, իսկ ոչ պետական բուհերում թափուր են մնացել 96 մասնագիտություններ (այդ թվում՝ հոգեբանություն, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ և այլն)։
Գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողների համար կառավարության կողմից սահմանված բարձր կրթաթոշակները, ըստ Կարո Նասիբյանի, էական ազդեցություն չեն ունեցել. 7 մասնագիտություններ թափուր են մնացել։
Համառոտ տեղեկանք. ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։ Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։
Միաժամանակ, 2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար և 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։
Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



