ԳլխավորԼուր

Բուհերի մի մասը կտեղափոխվի Երևանի կենտրոնից. կստեղծվի ակադեմիական քաղաք

Բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է:

Այս մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ:

Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով — ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու — ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին:

Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը«,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments (1)

  1. […] որ 3 կլաստերանոց Ակադեմիական քաղաքի կառուցումը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ […]

Comment here