Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ արտերկրի բուհում սովորող քաղաքացին աջակցություն ունենա ՀՀ-ում ռեզիդենտ համարվող մասնավոր կազմակերպության կողմից՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում:
Նախագծի կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայմանը՝ կրթաթոշակը դիտարկելով որպես կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք:
«Ծրագրի իրականացման կարևոր պայման է մասնավոր ընկերությունների ներգրավումը գործընթացին։ Առնվազն 100 աշխատող ունեցող առևտրային կազմակերպությունը պետք է կատարի համաֆինանսավորում՝ ընդհանուր կրթաթոշակի առնվազն 50 տոկոսի չափով, որից հետո նախատեսվում է պետության կողմից մնացորդային կրթաթոշակի տրամադրում, որի առավելագույն չափն ամեն տարվա համար չի կարող գերազանցել 10 մլն դրամը»,- հարցի զեկուցման ընթացքում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև շեշտել է՝ կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի տվյալ կազմակերպությունում:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել՝ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկի չափով:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների փորձի («Իմ քայլը», «Լույս» հիմնադրամներ) և ուսանողների հետվերադարձի վիճակագրության որոշակի ուսումնասիրություն: ՀՀ է վերադարձել «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61 տոկոսը, «Լույս» հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստացած ուսանողների 20,3 տոկոսը: