ՀՀ ԿԳՄՍ նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը, հայտնում են նախարարությունից:
Մրցույթին ներկայացվել են 2022 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող լրագրողական նյութեր՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» և «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգերում:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթում «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել է լրագրող Արաքս Մամուլյանը:
Այս անվանակարգում 2-րդ կարգի մրցանակը շնորհվել է երկու լրագրողի՝ Սաթենիկ Հայրապետյանին և Տաթևիկ Աբրահամյանին: «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում երրորդ կարգի մրցանակ չի շնորհվել:
«Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում երրորդ կարգի մրցանակը շնորհվել է լրագրող Արմինե Ավետիսյանին. երկրորդ կարգի մրցանակի արժանացել է լրագրող Սոնա Մարտիրոսյանը: Այս անվանակարգում 1-ին մրցանակ չի շնորհվել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ԿԳՄՍՆ-ն իրականացնում մի շարք միջոցառումներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և դրա դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և երիտասարդության շրջանում զգոնությունն արթնացնելու ուղղությամբ:
Նա, մասնավորապես, առանձնացրել է antitrafficking.am կայքի գործարկումը, երիտասարդների շրջանում թրաֆիքինգի դրսևորումների և դրանք ճանաչելու ու կանխարգելելու վերաբերյալ դասընթացների իրականացումը, ինչպես նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցույթը:
Հաղթող հայտերը պարգևատրվել են դրամական խրախուսմամբ՝
• 1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
• 2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
• 3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):
Հաղթող լրագրողներն իրենց շնորհակալական խոսքում հույս են հայտնել, որ մեր երկրում թրաֆիքինգի դեպքերը տարեցտարի կնվազեն, և ապագայում նմանօրինակ մրցույթներ անցկացնելու առիթներ այլևս չեն լինի: