ԳլխավորԼուր

Արցախի ուսանողները չեն կարողանում Հայաստանում ուսումը շարունակել կամ սկսել. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական հաջող համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ Գիտության կոմիտեն վերակազմավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի: Անդրադարձ է եղել նաև Գերմանիայի կրթական ծրագրերի փորձին, որոնցով հետաքրքրված են հայաստանցի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Գերմանացի գործընկերը՝ Յենս Բրանդենբուրգը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գիտության ոլորտում հայ-գերմանական ընթացիկ ծրագրերի խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև եվրոպական կրթական հարթակներում Հայաստանի լիարժեք ներկայացուցչության ապահովման հարցում գերմանական աջակցությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերմանացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ակնկալում ենք նաև աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի պատվիրակությանը