ԳլխավորԼուր

Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը

ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ, նշված է ԵՊԿ ռեկտորատի հայտարարության մեջ։

«Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։

ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։

Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,-նշված է կոնսերվատորիայի հայտարարության մեջ։

Հավելենք, որ նախնական տվյալներով՝ Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական։

«Արվեստների» ուղղության մեջ կմտնեն՝

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

ԵՊԿ-ն հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։