ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

2022/2023 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։

Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով. դա կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Ընդունված որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: