ԳլխավորԼուր

Մանիպուլյացիոն հնարքների, ներազդման միջոցներ… ԵՊՀ-ում պատրաստվում են բանավեճի առաջնությանը

Գոհար Ավագյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը, տեղեկացնում են ԵՊՀ-ից:

«Արդեն իսկ իրականացրել ենք հինգ դասընթաց, որոնցից մի քանիսին, ակումբականներից բացի, մասնակցել են նաև այլ ուսանողներ: Ընդհանուր առմամբ դասընթացների փուլը միավորել է շուրջ 200 ուսանողի, սակայն առաջնությանը մասնակցելու են միայն ակումբականները, որոնց համար դասընթացներին մասնակցությունը պարտադիր է եղել»,- պարզաբանեց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը:

Վերջինս ընդգծեց, որ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների բանավիճելու հմտությունները պետք է զարգացնել առաջին իսկ կուրսից, իսկ մասնագիտական բանավեճերն էլ ավելի են կարևորվում:

Դասընթացներից առաջինը նվիրված է եղել բանավեճի տեխնիկային: Բանախոսը՝ բանավեճի ակումբի ղեկավար Դավիթ Թովմասյանը, ուսանողներին ներկայացրել է ակումբի գործունեությունը, խաղի կառուցվածքը, առանձնահատկությունները, միավորների բաշխման, հարցադրումների կազմման և հակափաստարկների ներկայացման գործնական հմտություններ:

«Բանավիճելու հոգեբանություն. մանիպուլյացիա և ներազդում» թեմայով երկրորդ դասընթացի բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը: Վերջինս ուսանողների հետ խոսել է բանավեճի ընթացքում կիրառվող մանիպուլյացիոն հնարքների, ներազդման միջոցների մասին:

Հաջորդ թեման «Փաստարկումն» էր, որի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Մովսես Դեմիրճյանը: Նա ակումբականներին ծանոթացրել է փաստարկման հմտություններին և բանավեճի շրջանակում դրա դրսևորման առանձնահատկություններին։

Մասնագիտական 4-րդ դասընթացը, որը կրում էր «Իրավական հետազոտության հմտություններ, իրավավերլուծական համակարգեր» խորագիրը, վարել է Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը: Վերջինիս հետ քննարկումը բաղկացած էր երկու փուլից՝ հետազոտական աշխատանքի իրականացում և դրա պատշաճ ներկայացում:

«Խոսքի մշակույթ և ճարտասանական հմտություններ» թեմայով վերջին քննարկման բանախոսը ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն էր: Նա մասնակիցներին ներկայացրել է ելույթ ունենալու հմտությունները, խոսքի մշակույթը՝ ժեստիկուլյացիա, կեցվածք, ելույթի կառուցվածք, խոսքի վարպետություն, և այն հղկելու հնարավորությունները:

Դասընթացներին հաջորդել է հարցուպատասխանի փուլը, իսկ ավարտին կազմակերպվել է վիճակահանություն, որի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրվել է առաջնության հանդիպումների հաջորդականությունը: