ԳլխավորԼուր

Ուսուցիչներին տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը

Ուսուցիչը՝ գրատախտակի մոտ

Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների մասնագիտական չափանիշների և դրա հետ փոխկապված՝ տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջիկայում նախարարությունում կկազմակերպենք նաև այս նախագծերի բաց քննարկում։

Առաջարկում ենք սահմանել ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, հետազոտող ուսուցիչ։ Ըստ այդմ, կշնորհվեն նաև տարակարգերը։

Նախագծերը՝

https://www.e-draft.am/projects/4505/about

https://www.e-draft.am/projects/4503/about

Սիրելի ուսուցիչներ, խնդրում եմ ծանոթացեք, առաջարկներ և դիտարկումներ ներկայացրեք։ Նշեմ, որ մասնագիտական չափանիշների համեմատ եկող տարվանից ամբողջությամբ վերանայվելու են նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք կբխեն ուսուցչի մասնագիտական զարգացման կոնկրետ կարիքներից՝ միասնական ստանդարտ վերապատրաստման փոխարեն»,-նշված է գրառման մեջ։

Ավելի ուշ Ժաննա Անդրեասյանը հավելել է.

«Քանի որ հարցերը շատ են, փորձեմ հակիրճ մեկնաբանել՝ ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանությունը։

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ՝

• առարկայի իմացություն․

• դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․

• սովորողին ցուցաբերվող աջակցություն․

• ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում։

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվել են մասնագիտական գործունեության ձևեր, օրինակ դասավանդման մեթոդամանկավարժական կարողությունների համար դրանք հետևյալն են. դասընթացների և դասերի պլանավորում, դասի վարում, ՏՀՏ-ի ինտեգրում, 21-րդ դարի հմտությունների խթանում և ռեսուրսների կառավարում։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ Օրինակ՝ դասընթացների և դասերի պլանավորման համար.

ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած ուսումնական առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը.

Նման կարողունակություններ են սահմանվել մյուս բոլոր մասնագիտական գործունեության ձևերի համար։

Սահմանվել է, որ ըստ ոլորտների և մասնագիտական գործունեության ձևերի կարողունակությունների մակարդակի՝ ուսուցչի չորս բնութագիր ենք առանձնացնում.

Դասավանդող ուսուցիչ, որի պարագայում հիմնական ակնկալիքը «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում է. պետք է բավարարել այս ուղղությամբ նշված մասնագիտական գործունեության ձևերի առնվազն 70 տոկոսին։

Ավագ ուսուցիչ, որի պարագայում ակնկալիքը շարունակում է մնալ «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում. առնվազն 80 տոկոսի չափով։

Վերապատրաստող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարելու պայման կա։

Հետազոտող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարելու պայման կա։

Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում էլ շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։ Փորձել ենք շեշտադրել ուսուցչի բուն մանկավարժական աշխատանքը ներկայացնելու կարևորությունը՝ դասերի տեսագրություններ, դասապլաններ, թեմատիկ պլաններ, առաջադրանքների նմուշներ, կազմված բնութագրերի նմուշներ, որոնք առավել տեսանելի և հստակ են դարձնում ուսուցչի մասնագիտական բնութագիրը և տարակարգը դարձնում են ամբողջությամբ իր աշխատանքից կախված։

Խնդրում եմ մանրամասն կարդալ և առաջարկներ անել։ Այս մոտեցումների վրա աշխատել ենք շուրջ մեկուկես տարի՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Մասնագիտական զարգացման հայեցակարգի մշակմանը ներգրավված է եղել նաև տեղական փորձագիտական թիմ՝ կազմված մասնագիտացված կառույցների, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներից, կրթության փորձագետներից»,-գրել է Ժաննա Անդրեասյանը։