ԳլխավորԼուր

Կամավոր ատեստավորումը, բարձր աշխատավարձը դեռևս չեն բարձրացնում կրթության որակը. փորձագետ

Մարինա Գալստյան

Ուսումնական այս տարում կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրած 6 320 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել է 4 324-ը, այսինքն` դիմորդների 68%-ը: Այս մասին օրերս ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արդյունքում 1855 ուսուցիչ (43%) կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը, ևս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք (վերջին փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները նույնպես կունենան դրույքաչափի բարձրացում)։

Կրթության փորձագետ Մարինա Գալստյանը Usanogh.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ նախորդ տարիներին ևս եղել է այդպիսի միտում` ավելի մեծ թվով ուսուցիչներ ներկայացրել են հայտ, սակայն շատերն այդպես էլ չեն մասնակցել քննությանը:

Օրինակ` նախորդ տարի կամավոր ատեստավորմանը հայտ էր ներկայացրել 3 հազար 886 ուսուցիչ, բայց ատեստավորմանը մասնակցել էր 2 հազար 300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը միայն.

«Լինում է, որ տվյալ պահին ուսուցիչները խմբով որոշում են դիմել, հետո վախերը, ռիսկերի գիտակցումը, պարապել չհասցնելը հետ է պահում նրանց մասնակցությունից: Կան նաև դեպքեր, երբ ուսուցիչները հայտ են ներկայացնում տնօրենների ճնշման ներքո, իսկ հետո կրկին հետ են կանգնում իրենց մտադրությունից»,-մեկնաբանեց Մարինա Գալստյանը:

Նշենք նաև, որ 2021-ին ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցչից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել էր 996-ը. դա կազմում էր դիմած ուսուցիչների 72,6%-ը:

Այն, որ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 43%-ը հաղթահարել է 70%-ի շեմը, և ևս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք, կրթության փորձագետը վատ արդյունք չի համարում, ասում է` դա պայմանավորված է մի քանի հանգամանքով` նախ` այս տարվանից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար, երկրորդ` այս տարի դրույքաչափի բարձրացման համար անհրաժեշտ նվազագույն շեմը իջեցվել է, ինչ-որ չափով վերանայվել են թեստերը:

Ի դեպ, 2022-ի արդյունքներով՝ կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել էր մասնակիցների 2/3-ը՝ 66%-ը, իսկ 2021-ին կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47, 2%-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստացել են հավելավճար:

«Բայց որքան էլ ինչ-ինչ գործոններից ելնելով`ուսուցիչների մասնակցությունը կամավոր ատեստավորմանը մեծանա, միևնույն է` ցանկալի արդյունք այդ առումով դեռևս չի գրանցվել. սա այն արդյունքը չէ, որին ձգտում է նախարարությունը: Բացի այդ` ևս մեկ կարևոր դիտարկում`ուսուցիչների մասնակցայնությունը կամավոր ատեստավորմանը, լավ արդյունք գրանցելը, աշխատավարձի բարձրացումը մեծ մասամբ որևէ դրական ազդեցություն չի ունենում կրթության որակի վրա: Ավելի կոնկրետ` ուսուցիչների գործելաոճի, վարվելակերպի վրա դա որևէ դրական ազդեցություն, իմ դիտարկմամբ, դեռևս չի ունենում»,-եզրափակեց Մարինա Գալստյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ