ԳլխավորԼուր

Հայաստանում 19-30 տարեկան մոտ 150 հազար մարդ չի աշխատում ու չի սովորում

«Մայթ»՝ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում

Հայաստանում մի կողմից 60 հազարից մի փոքր ավելի ընտանիք նպաստ է ստանում, մյուս կողմից ՝ 19-30 տարեկան մոտ 150 հազար մարդ չի աշխատում ու չի սովորում։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, քաղաքացիների այս կատեգորիան դժկամությամբ է ընդունվում աշխատանքի: Հնարավոր է ՝ ավելի արդյունավետ լինի ընդլայնել մասնագիտական ուսուցման ծրագրերը ՝ հաշվի առնելով շուկայի կարիքները, հավելել է նախարարը։

Մկրտչյանը նշել է, որ 2024 թվականի մարտից հանրապետությունում ուժի մեջ կմտնեն սոցիալական ապահովության համակարգի փոփոխությունները։ Աշխատունակ տարիքի քաղաքացիների համար կկազմվեն զբաղվածության կամ ինքնազբաղվածության ծրագրեր։ Բացի այդ, հաշմանդամության գնահատումը փոփոխությունների կենթարկվի։

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այդ մոտեցումները կարտացոլվեն նաև համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման ժամանակ: Աշխատունակ քաղաքացիները ապահովագրություն կստանան միայն որոշակի ժամկետով։ Զբաղվածության մարմինների կողմից առաջարկվող աշխատանքից հրաժարվելու դեպքում նրանք կկորցնեն ապահովագրությունը:

Նշենք, որ Հայաստանում սոցիալական նպաստի միջին չափը կազմում է 33 հազար դրամ, 2024 թվականին, պետբյուջեի նախագծի համաձայն, այն կհասնի 37 հազարի, այն դեպքում, երբ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ, 2023 թվականի սեպտեմբերին կազմել է 40,7 հազար դրամ, իսկ ընդհանուր, որը ներառում է նաև ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները՝ 75,3 հազար դրամ։ Բացի այդ, 2024 թվականի բյուջեի նախագծով ընտանեկան նպաստի հատկացումները կկրճատվեն մոտ 10% — ով։