ԳլխավորԼուր

Արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր

Օֆիս, գրասենյակ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։

«Օրենքի համաձայն, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմումը: Վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը չի օգտագործում, դա էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Մենք հիմա հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իր ցանկությամբ որոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Նախկինում նոր աշխատակցին արձակուրդ տրամադրվում էր միայն 6 ամիս նույն գործատուի մոտ աշխատելուց հետո։ Օրենքի փոփոխությամբ` գործատուի համաձայնությամբ հնարավոր կլինի արձակուրդ տրամադրել ավելի վաղ։

Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ: