ԳլխավորԽճանկար

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Դավիթ Չալոյան

2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Դավի՛թ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

— Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի:

-Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցիք վարկանիշային վերջին մրցաշարում: Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը: Արդյոք լարվածություն կա՞ր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թայլանդի մրցաշարն ուղեգրի վերջին հնարավորությունն էր:

-Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված:

-Ինչի՞ վրա եք աշխատում այս փուլում:

-Նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց կարծում եմ՝ կհասցնենք: Այժմ աշխատում ենք հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա:

-Դավի՛թ, վերհիշենք 2021 թվականը, երբ 24 տարեկանում առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նվաճեցիք փոխչեմպիոնի կոչումը՝ գրանցելով նաև պատմական հաջողություն հայկական բռնցքամարտում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ ժամանակ փորձի պակաս ունեի, բայց կարողացա հասնել մինչև եզրափակիչ՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների: Դա ինձ մեծ վստահություն և փորձ տվեց: Դրանից հետո եղել են մրցաշարեր, որոնցում չեմ կարողացել հանդես գալ այնպես, ինչպես կցանկանայի, և այդ առումով Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորությունը կարևոր քայլ էր ինձ համար: Փորձելու եմ ամեն ինչ անել՝ պատվով հանդես գալու և լավ մրցելույթ ունենալու համար:

Դավիթ Չալոյան
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյան

-Ինչպիսի՞ն են սպասելիքները Փարիզից:

-Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Ժամանակից շուտ խոստումներ տալ չեմ ցանկանում: Ամեն ինչ ռինգը ցույց կտա:

-Երբվանի՞ց եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել այս մարզաձևում:

-Բռնցքամարտով բավական ուշ եմ սկսել զբաղվել՝ 15 տարեկանում, հայրիկիս խորհրդով: 2020 թվականի ամռանն ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունս՝ առավել լրջությամբ եմ վերսկսել մարզումներս ու մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի: Ինչպես բռնցքամարտում, այնպես էլ սպորտում առհասարակ՝ ամենաոգևորիչը հաղթանակներն են, որոնց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հարթակներում:

Բլից հարցեր

— Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

— Ալեքսանդր Ուսիկի:

— Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Գլուխդ միշտ բա՛րձր:

— Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Ընտանիքս, ծնողներս:

— Ձեր կյանքի կանոնները:

— Պայքարել մինչև վերջ:

— Ինչի՞ց եք վախենում:

— Վախեր չունեմ:

— Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

— Աստծուն: