ԳլխավորԼուր

Մեկնարկել է Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Միջոցառումն անցկացվում է Պեկինի ազգային մարզադաշտում, որը հայտնի է նաև «Թռչունների բույն» անվանումով:

Արարողության շրջանակում անցկացվում է մարզիկների շքերթ, որին մասնակցում է 91 պատվիրակություն։

Բացման արարողությանը Հայաստանի հավաքականի դրոշակակիրները գեղասահորդ Թինա Կարապետյանն ու դահուկորդ Միքայել Միքայելյանն են։

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:

Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույն պատճառով բաց է թողնում oլիմպիական խաղերը, նշում է՝ փետրվարի 5-ին Հարությունյանը ևս մեկ թեստ է հանձնելու. «Եթե թեստի պատասխանը բացասական եղավ, պետք է մտածենք՝ ինչ կարելի է անել, որ մեր մարզիկը հասնի Պեկին: Չվերթների խնդիր կա: Թիմերն oլիմպիական խաղերին մեկնում են չարթերային թռիչքներով, իսկ վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի միջոցով պետք է փորձենք լուծել այդ հարցը»:

Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, ի դեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: