ԳլխավորՄի կտոր գիրք

«Երեք ընկեր». Էրիխ Մարիա Ռեմարկ

-Ինչպե՞ս ես քեզ զգում, Պատ,-հարցրի ես։
-Լավ, Ռոբբի։
-Մենք մեզ լավ ենք զգում, այնպե՞ս չէ։
-Իհարկե, սիրելիս։ Նա կրծքին սեղմեց իմ ձեռքը։

Փողոցը դատարկվեց։ Մայրամուտը վարդագույն ադեալով էր ծածկել ձյունապատ սարերը։

-Պատ,-ասացի ես,-բայց ախր դու դեռ չգիտես, որ մենք մի ամբողջ կույտ փող ունենք։ Կեստերն է ուղարկել։
Նա կանգ առավ։
-Այ դա հրաշալի է, Ռոբբի։ Նշանակում է մենք կկարողանանք գոնե մեկ անգամ իսկական քեֆ անել։
-Ինչ խոսք կարող է լինել,-ասացի ես,-եւ այնքան անգամ, ինչքան սիրտներս ուզի։

-Այդ դեպքում շաբաթ օրը մենք կգնանք ժամանցի դահլիճը։ Այնտեղ լինելու է այս տարվա վերջին մեծ պարահանդեսը։
-Բայց ախր քեզ չի կարելի երեկոները դուրս գալ։
-Այստեղ եղածների մեծ մասին էլ չի կարելի, բայց եւ այնպես նրանք դուրս են գալիս։

Ես տատանվելով խոժոռվեցի։

-Ռոբբի,-ասաց Պատը։ — Այնքան ժամանակ, քանի դու այստեղ չէիր, ես կատարում էի այն ամենը, ինչ սահմանված էր։ Ես դեղատոմսերին հետեւող մի վախեցած փոքրիկ աղջիկ էի եւ ուրիշ ոչինչ։ Բայց ախր այդ ամենը չօգնեց։ Եվ ավելի վատացա։ Ինձ մի ընդհատիր, ես գիտեմ, թե ինչ ես ասելու։ Բացի այդ, ես նաեւ իմանում եմ, թե ինչով կվերջանա այս բոլորը։ Բայց այնքան ժամանակ, որը մնացել է ինձ, այնքան ժամանակ, որքան մենք միասին ենք, թույլ տուր ինձ անել այն, ինչ ես ուզում եմ։

Նրա դեմքին ընկել էր մայր մտնող արեւի հրացոլքի անդրադարձումը։ Նրա հայացքը լուրջ էր, հանգիստ ու շատ քնքուշ։ «Այդ ի՞նչ ենք խոսում մենք,-մտածեցի ես։ Ու իմ բերանը չորացավ։ -Չէ՞ որ  սա անհավանական մի բան է, որ մենք ահա այսպես կանգնել ենք այստեղ ու խոսում ենք մի բանի մասին, որը չի կարող ու չպետք է պատահի։ Ախր այդ խոսքերը Պատն է արտասանում. այնքան անփութորեն, համարյա առանց տխրության, կարծես թե այլեւս ոչինչ հնարավոր չէր անել ու կարծես մեզ համար չէր մնացել խաբուսիկ հույսի ամենափոքրիկ  մի բեկոր անգամ։ Չէ՞ որ դա Պատն է, համարյա մի երեխա, որին ես պետք է պահպանեի, Պատը, որն անսպասելիորեն դարձել էր այնպես հեռավոր ու դատապարտված, գերված այն անանունի կողմից, որը գտնվում է կյանքի սահմաններից դուրս»։

-Դու չպետք է այդպես խոսես,-մրմնջացի ես վերջնականապես։- Ես կարծում եմ, որ մենք լավ կլինի նախ խորհրդակցենք բժշկի հետ։

-Մենք այլեւս երբեք ոչ ոքի եւ ոչինչ չենք հարցնի։- Նա ցնցեց իր փոքրիկ, գեղեցիկ գլուխը, նրա սիրող աչքերը նայում էին ինձ։ -Ես այլեւս ոչինչ չեմ ուզում իմանալ։ Հիմա ես միայն երջանիկ եմ ուզում լինել։

Էրիխ Մարիա Ռեմարկ (1898-1970), հատված «Երեք ընկեր» վեպից

Տես նաեւ՝ «Երկինքն ընտրյալներ չունի». Էրիխ Մարիա Ռեմարկ

Comment here