Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվել էին ՀՀ Ազգային Ժողովի ամառային դպրոցի սաները։ Նրանք այցելեցին գրադարանի գրատպության թանգարան, շրջայց կատարեցին գրադարանի թամանյանական մասնաշենքում, եղան գրադարանի պատմության ցուցասրահում։ Այնուհետև թամանյանական մեծ դահլիճում հանդիպեցին ժամանակակից գրողներ Մհեր Արշակյանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Սարգսյանի և Համլետ Առաքելյանի հետ։
Ամառային դպրոցի մասնակից Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների աշակերտները շատ հարցեր ունեին ժամանակակից գրողներին։
Պատանիներին հատկապես հետաքրքում էին գեղարվեստական ստեղծագործության դաստիարակչական բնույթի, ժամանակակից գրողի լեզվի ու ոճի, ժարգոնի, գռեհկաբանությունների թույլատրելի-անթույլատրելիության հարցերը։