ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից փետրվարի 21-ին «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամում անցկացվեց «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով տեսագործնական պարապմունք։
Պարապմունքը կազմակերպվել էր քոլեջի «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի շրջանակներում, որի նպատակն էր ուսանողներին գործնականում ծանոթացնել հրշեջ-փրկարարական աշխատանքներին։
Տեսական հատվածում փրկարարական ծառայողները ներկայացրեցին հրդեհաշիջման առանձնահատկությունները, խոսեցին հրդեհների բռնկման վտանգի, կանխարգելիչ միջոցառումների, վարքականոնների, ինչպես նաև տարհանման աշխատանքների կազմակերպման և իրականացման շուրջ։
Գործնական հատվածում տեղի ունեցավ հրշեջ տեխնիկայի և փրկարարական գործիքների պրակտիկ ցուցադրություն, որի ընթացքում ուսանողները ծանոթացան հրշեջ-մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչպես նաև իրական պայմաններում փորձեցին կիրառել հրդեհաշիջման միջոցները՝ կատարելով բացազատում, պայմանական հրդեհի մեկուսացում և մարում:
Պարապմունքն ամփոփվեց մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանով։