Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) այս տարվա շրջանավարտ Տիգրան Իսկանդերյանի լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը, հայտնում են բուհից։
Տիգրանը 2016 թվականին ընդունվել է Գեղարվեստական լուսանկարչության բաժինը։ Ուսմանը զուգահեռ, համագործակցում է ԿԳՄՍ նախարարության և ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ցուցադրության էին ներկայացվել լուսանկարչի՝ 2017-2022 թվականների ընթացքում կատարված աշխատանքները․ դրանցում տարբեր իրադարձություններ են։ Նախ հայրենիքն է՝ իր գեղատեսիլ ու հիասքանչ վայրերով, ամենատարբեր մարդկանցով ու ապրումներով, ապա սպորտային իրադարձությունները՝ պայքարի ու հաղթանակի հույզերով։ Լուսանկարչի օբյեկտիվից չեն վրիպել նաև հայտնի մարզիկներն ու մշակութային գործիչները։
Չնայած երիտասարդ տարիքին, Տիգրան Իսկանդերյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, խմբակային ցուցադրությունների։
Նկարիչների միությունում Տիգրան Իսկանդերյանի աշխատանքների ցուցադրությունը բաց կլինի մինչև հունիսի 13-ը։