ԳլխավորԼուր

Ներսիսյան դպրոց-200. Մանկավարժականում ցուցահանդես է բացվել

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվել է Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարող ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում կարևորել է Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Վրաստանի պատմականորեն դարավոր կապերն ու բազմաթիվ առնչակցությունները, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում:

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում
Ժաննա Անդրեասյանը Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում

«Ներսիսյան դպրոցն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի և Վրաստանի պատմության մեջ: Կարծում եմ՝ Ներսիսյան դպրոցը եզակի երևույթ է, և պատահական չէ, որ ցուցահանդեսի բացումը տեղի է ունենում Մանկավարժական համալսարանում, որովհետև Ներսիսյան դպրոցի անվանի սաները մեր մանկավարժության պատմության առանցքային անուններից են՝ Խաչատուր Աբովյան, Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան, Մանուկ Աբեղյան և մյուսները: Մենք կարող ենք ամիսներով ուսումնասիրել նրանց թողած ժառանգությունը՝ հասկանալու այն հայացքները, որոնք մանկավարժության, դասավանդման մոտեցումների, ժամանակի ամենանորարար և առաջադեմ գաղափարներն են եղել: Այս անուններով տասնամյակներ շարունակ պայմանավորվել և ձևավորվել են մանկավարժության առանցքային մոտեցումները: Ներսիսյան դպրոցի 200-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսը շարունակությունն է այն մանկավարժության և կրթության, որը ներկայում կերտվում է այս բուհում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում
Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսի բացումը բուհի համար կարևոր իրադարձություն է համարել և ներկայացրել Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու նախաձեռնությամբ 1824 թվականին Թբիլիսիում հիմնադրված Ներսիսյան դպրոցի պատմությունը։ Ռեկտորը Ներսիսյան դպրոցի 100-ամյա կրթական ժառանգությունը կարևորել է նաև հայ-վրացական հարաբերությունների, բարեկամության լավագույն ավանդույթների ձևավորման տեսանկյունից՝ պատահական չհամարելով, որ Ներսիսյան դպրոցում են ուսանել նաև վրաց իշխանների սերունդներ։

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճենների բնօրինակները պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի թանգարանում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում և Լևոն Չիդիլյանի մասնավոր հավաքածուում:

Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին․ հունվարին ցուցահանդեսը բացվել էր Կովկասյան համալսարանում՝ Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում։ Դեսպանի ընդգծմամբ՝ կրթահամալիրը եղել է կրթության, մտավորականության օրրան՝ նշանակալի բարեփոխումներով։

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում
Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մանկավարժականում

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշել է, որ Ներսիսյան դպրոցի հիմնադրմանը նվիրված ցուցահանդեսը թեպետ կազմակերպվել է կարճ ժամանակահատվածում, սակայն նյութերի հավաքագրման համար մեծ աշխատանք է իրականացվել։ Դեսպանը մատնանշել է ցուցահանադեսի բացման հիմքում առկա կարևոր խորհուրդը. «Ներսիսյան դպրոցն այսօր էլ շարունակում է երկու երկրների բարեկամության կամուրջ լինել: Մանկավարժական համալսարանը կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը, որը երեք տարի ուսանել է Ներսիսյան դպրոցում»։

ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ նշել է, որ ՀՊՄՀ-ի և Կովկաս համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերին կկայանա միջազգային գիտաժողով, որի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:

Ցուցահանդեսին ներկա վրացահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանը ներկայացրել է բացառիկ կրթօջախը, որի հիմնադիրների, հետագա կառավարողների նպատակն էր ոչ միայն կրթված, այլև նվիրյալ, ազգային սերունդ դաստիարակելը: