Հունվարի 26-ին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ցուցահանդեսում ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, թանգարաններում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում և մասնավոր հավաքածուներում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել «Կովկաս» համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը ներկայացրել է ցուցադրվող լուսանկարների պատմությունը։
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին համալսարանի գլխավոր մուտքի առջև բացել են «Կովկաս» համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակը։
Ցուցահանդեսը համալսարանում կշարունակի գործել առաջիկա երեք շաբաթների ընթացքում։
Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի կողմից։
«Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը ներկայացված կլինի Կովկասի համալսարանի 1-ին հարկում մինչև փետրվարի 16-ը ներառյալ։
Մի քանի հետաքրքրական տեղեկություններ
√ 1909թ․ հունիսի 20-ին Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ և ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Մաթևոս Բ Իզմիրլյանի, Չուղուրեթիի շրջանի Արսենալնայա կոչվող բարձունքում, գցվում է նոր եռահարկ շենքի հիմքը։ 1911թ․ ապրիլի 19-ին, դպրոցի շինարարությունը դեռ չավարտված, վախճանվում է Ալ․Մանթաշյանցը: Շինարարության հետագա ծախսերն իրենց վրա են վերցնում Ալեքսանդրի որդիները՝ Լևոն Մանթաշյանցի ղեկավարությամբ: 1912թ․ դպրոցը տեղափոխվում է նոր, 1000 աշակերտի համար նախատեսված շենք, որը Ռուսական ողջ կայսրության տարածքում ժամանակի լավագույն դպրոցական շինությունն էր:
√ Շինարարության և կահավորման համար Մանթաշյանց ընտանիքը ծախսել էր հսկայական՝ 392 հազար ռուբլի գումար:
√ 2005 թվականից դպրոցի նոր շենքը դարձել է Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի սեփականություն, որտեղ այն տեղափոխվել է 2017 թվականին՝ երկարամյա վերակառուցումից հետո։
√ Դպրոցում ուսումն անվճար էր։ Սովորում էին միայն արական սեռի սաներ՝ տարբեր երկրներից: Չքավոր աշակերտների կեցությունն ու անհրաժեշտ կարիքներն ամբողջությամբ հոգում էր դպրոցը, ինչպես նաև ապահովում շնորհալի աշակերտների ուսումը Եվրոպայի և Ռուսական Կայսրության համալսարաններում։ Դպրոցը գործում էր բազմաթիվ կտակարարների գումարների և նրանց անշարժ գույքի վարձից ստացված եկամուտների հաշվին։
√ Ներսիսյան դպրոցում հիմնադրվել է Անդրկովկասի առաջին հայագիր պարբերականը՝ «Կովկաս»-ը, ձևավորվել առաջին թատրոնը և թատերախումբը, առաջին երգչախումբը, տպագրվել են կովկասահայության առաջին դպրոցական ձեռնարկները:
√ Հենց Ներսիսյանում 1823թ․ սկսեց գործել մեծահարուստ Գևորգ Արծրունու նվիրաբերած, Թբիլիսիի առաջին հայկական տպարանը, որի սարքավորումները ձեռք էին բերվել Ամստերդամում:
√ Իր գոյության հարյուր տարիների ընթացքում Ներսիսյան դպրոցն ավարտել են երկու հազարից ավելի տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ:
√ Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ (կամ աշակերտներ) են եղել հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Ստեփանոս Նազարյանը, գրողներ Պերճ Պռոշյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը, ազգագրագետ Երվանդ Լալայանը, միկրոբիոլոգ Պապա Քալանթարյանը, երկրաբան Տիգրան Ջրբաշյանը, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը, գյուղատնտես Գևորգ Գրձելյանը, բանասեր Համազասպ Համբարձումյանը, գործիչներ Անաստաս Միկոյանը, Գրիգոր Ջաղեթյանը, Նիկոլ Աղբալյանը, Սողոմոն Թեհլերյանը, Հայկ Բժշկյանը, Սիմոն Զավարյանը, ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Գևորգ Քոչարը, նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը և ուրիշներ: