ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՊՄՀ-ի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարին

ԿԳՄՍ փոխնախարար, Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր ռեկտորատի անդամներին ներկայացրեց ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանին։

«Այստեղ եմ բուհի խնդիրների և անելիքների մասին խոսելու, ինչպես նաև ներկայացնելու ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարին, թեև Սրբուհի Գևորգյանը նոր մարդ չէ համալսարանում։ Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը շատ ավելի լավ կարող է մեզ ներկայացնել Սրբուհի Գևորգյանի գործունեությունը»,-ասաց փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով Սրբուհի Գևորգյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար։

Նա հույս հայտնեց, որ բուհում կստեղծվի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, որում յուրաքանչյուր աշխատակից կզբաղվի բուհի առջև ծառացած խնդիրներով։

ԿԳՄՍ–ի և ՀՊՄՀ–ի խորհրդի անդամների անունից Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են բուհի խորհրդի՝ տևական ժամանակ չգործելու պայմաններում և պահանջում են հրատապ լուծում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ են լսել յուրաքանչյուրի դիտարկումներն ու առաջարկները, կազմակերպել հանդիպումներ՝ ի նպաստ Մանկավարժական համալսարանի ռազմավարական խնդիրների շուտափույթ լուծման։

Հիշեցնենք, որ Սրբուհի Գևորգյանը ռեկտորի պաշտոնակատար էր ընտրվել դեկտեմբերի 18-ին։