Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մանկավարժական համալսարանում բացվեց Ալեն Մարգարյանի կիսանդրին

Փետրվարի 11-ին ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի ծննդյան օրն է։ Զոհված հերոսի հիշատակին նվիրված միջոցառումը մեկնարկեց բուհի 3-րդ մասնաշենքի բակում՝ 35 աբովյանականների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակին, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Օրվա առթիվ հարազատ կրթօջախում բացվեց Ալեն Մարգարյանի կիսանդրին։

«Չգիտեի ինչպես ստեղծագործեի, քանդակեի․ Ալենն ինձ օգնում էր, հուշում։ Նա հավերժացավ այստեղ, նա եկել է իր տուն, մշակութային օջախ։ Վստահ եմ, որ տարբեր պատրվակներով Ալենը շատ արձաններ կունենար, եթե ապրեր։ Բրավո մեր Ալեններին, որ պահեցին մեր երկիրն ու պիտի պահեն»,-իր խոսքում նշեց քանդակագործ Մկրտիչ Արզումանյանն ու հավելեց, որ քանդակում մեկտեղել է Ալենի ըմբոստությունն ու հաղթանակի գաղափարը։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը հիշում է Ալենի ուսումնառության տարիները, նաև այն, որ արտասահմանում ուսումը շարունակելու փոխարեն նա նախընտրեց ծառայության մեկնել․

«Պատերազմում մենք կորցրինք հազարավոր հայորդիների։ Հայրենիքի համար զոհվելուց առաջ նրանք իրենց ծնողների զավակներն էին, որ հետո դարձան բոլորինս»,-նշեց Գևորգ Թադևոսյանն ու հավելեց՝ նրանք ընկան, որ հայրենիքը կանգուն մնա։

Հուշ-ցերեկույթը շարունակվեց Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում, որտեղ ներկաները դիտեցին Ալեն Մարգարյանի մասին պատմող ֆիլմ, ներկայացվեցին հերոսական թեմաներով պարային և երաժշտական համարներ։

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը ողջունեց ներկաներին, և Ալեն Մարգարյանի ծննդյան առթիվ նրա մորը՝ Նազելի Տերտերյանին, հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։

«Այսօր ծանոթացանք Ալենի տարբեր դրսևորումներին, «ես»-երին։ Նա երիտասարդ էր, ում մոտ ուրվագծվում էր ձգտումների ու արժեքների երեք շրջանակ՝ կրթություն, արվեստ, տեխնոլոգիաներ։ Նա կրթելու մեծ առաքելություն ուներ և այդ տարիքում հասցրել էր ունենալ բազում ձեռքբերումներ ու հաջողություններ»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու պատահական չհամարեց, որ նման հետաքրքրություններ ունեցող երիտասարդը նախընտրել էր հենց Մանկավարժական համալսարանը։

Ռեկտորի պաշտոնակատարն առանձնակի կարևորեց Ալենի՝ «լավ կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարի առաջամարտիկ լինելու հանգամանքը․ այդ երազանքի հետևից էր գնում երիտասարդը կրթություն ստանալու բոլոր փուլերում։

«Գնալ երազանքի հետևից, սիրել և հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ, և աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղը ավելի լավն է լինելու»,-մեջբերելով Ալենին՝ նշեց Արբուհի Գևորգյանն ու այսչափ հասունության, նպաստավոր սոցիալական միջավայր ստեղծելու և լավ կրթության համար շնորհակալություն հայտնեց Ալենին կրթած կրթօջախներին ու նրա ընտանիքին։

«Այս օրը ծնվեց մի մանուկ, որը բարություն ու լույս պիտի քարոզեր, մի նոր նշաձող սահմաներ: Նա դարձավ չափանիշ, դարձավ տեսակ, իսկ անսահման անձնազոհությունն էլ պատճառ դարձավ, որ անմահանա. նա արժևորեց Հայրենիքը: Ալենը եղավ կրթության, գիտության, արվեստի ջատագովը՝ որոշելով կերտել իր ապագան: Դասախոսների խոսքով էլ՝ նա եզակի էր, առաջնորդող մանկավարժ էր»,-իր խոսքում նշեց Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը:

Նրա կարծքով՝ որդին իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի նոր ժամանակների երիտասարդը․ «Նա իր կարճ, բայց փառահեղ ուղով կարծես շարունակում է իր առաքելությունը»,-հավելեց Նազելի Տերտերյանը։

Վերջինս շնորհակալություն հայտնեց որդուն կրթած բոլոր կրթօջախներին և վստահեցրեց, որ որդու անունը կրող բարեգործական-հասարակական կազմակերպության միջոցներով շարունակելու է աջակցել կրթության, գիտության և արվեստի զարգացմամբ զբաղվող երիտասարդներին, որոնք ունեն ալենյան մտածելակերպ, արժեհամակարգ ու աշխարհայացք։

ՀՊՄՀ-ի վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը ներկայացրեց իր հեղինակած «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գիրքը, որը, ըստ հեղինակի, թեև նվիրված է պատերազմում զոհված հերոսի հիշատակին, սակայն ոչ պատերազմի մասին է, ոչ մահվան։

«Այս գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու և որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է։ Գրքի էջերն անվերջ են, ինչպես Ալենի երազանքներն ու սերը»,-նշեց վարժարանի աշակերտ Արման Վարդանյանը։

Հուշ-ցերեկույթին եղան նաև այլ ելույթներ, որոնցում ևս մեկ անգամ ներկայացվեց Ալենը՝ որպես ընկեր, ուսանող, ուսուցիչ, երիտասարդ, որ իր բազմաշնորհ կարողություններով դարձավ ներշնչանքի աղբյուր շատերի համար։

Ցերեկույթն ավարտին Գոռ Սուջյանի կատարմամբ հնչեց «Ալ են» ստեղծագործությունը։ Իսկ միջոցառման մասնակիցները Ալեն Մարգարյանի ծննդյան օրն ամփոփեցին Եռաբլուր այցելությամբ։