Կայացել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը:
Բակալավրիատի 12 ուսանող ցուցադրության էր ներկայացրել նվազագույնը 4, առավելագույնը` 7 աշխատանք։ Ուսանողները դրանցում ներկայացրել էին հագուստի մոդելավորող դառնալու ճանապարհին ձեռք բերած գիտելիքները, տարբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, ոճային առանձնահատկությունները:
Ուսանողները հագուստների հավաքածուներին հաղորդել էին ինչպես ազգային, այնպես էլ ժամանակակից լուծումներ ու մեկնաբանություններ: Աշխատանքների ստեղծման գործում ապագա մոդելավորողները կիրառել էին հագուստի ստեղծման տարբեր տեխնիկաներ, տարրեր, հաջողությամբ դրանք համադրել տարատեսակ կտորների և գործվածքների հետ:
Հայտնի մոդելավորող Արամ Նիկոլյանն ավարտական կուրսի ղեկավարն է. Մանկավարժական համալսարանում դասավանդման դեռ առաջին տարում իր առջև խնդիր էր դրել` ուսանողների աշխատանքների մակարդակը մոտեցնել գերազանցին. «Կարող եմ ասել, որ խնդիրը մեծամասամբ իրականացվեց, չնայած կարող էր լինել ավելի լավը: Ինձ համար կարևոր է, որ ուսանողն իր ընտրության մեջ ազատ լինի. մեր խնդիրն է այդ ազատության մեջ ճիշտ ուղղորդել ուսանողներին և բերել վերջնական լավ արդյունքի»,-հավելեց նա:
Ոգեշնչման աղբյուր, թեմայի ուսումնասիրություն, էսքիզներ, վերջնական ցուցադրություն և այլն. դասախոս Արամ Նիկոլյանն aspu.am-ի հետ զրույցում վստահեցերց` նույնիսկ առցանց կրթության պայմաններում կարողացել են կազմակերպել ցուցադրության համար անհրաժեշտ բոլոր փուլերը, որոնցով անցնում են պրոֆեսինալ դիզքայներները, երբ սկսում են ստեղծել հավաքածուներ: Արամ Նիկոլյանը նաև նկատեց` չնայած մոդելավորողի մասնագիտությունը ճշգրիտ գիտությունների շարքում չէ, բայց կարևորում է լավ կրթությունը նաև այս ոլորտում. ցանկացած ոլորտում կրթված մասնագետն առանձնանում է:
Դասախոսներից Հռիփսիմե Մարոնյանն էլ հավելում է` իրենց առջև խնդիր են դրել, որ տարեցտարի ուսանողներն ավելի բարձր մակարդակով ներկայանան, նկատվեն համատեղ աշխատանքի զարգացումն ու դինամիկան, քանի որ ամեն տարի փոխվում են նաև նորաձևության պահանջները:
«Արդյունքները գոհացնող են, տպավորված ենք: Մի ամբողջ տարի աշխատել են, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար, որը պետք է գալու մասնագիտության կայացման ողջ ճանապարհին: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենք են բացահայտում թեմաներ, առաջարկում գրագետ լուծումներ` կարևորելով նորարական մոտեցումները»,-նշեց Հռիփսիմե Մարոնյանն ու այդ գործում կարևորեց բուհի մեծագույն դերը, երբ ստեղծված են բոլոր պայմանները, որ ուսանողները հետաքրքիր կետից սկսեն իրենց կարիերան:
Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանը բարձր գնահատեց ավարտական աշխատանքները և հավելեց, որ ցուցադրությանը հաջորդում է նաև բանավոր քննությունը. ուսանողներն իրենց հավաքածուները ներկայացնում են տեսականորեն՝ սկսած հագուստի ստեղծման պատմությունից ու ոգեշնչումից մինչև տեխնիկայի, գործվածքի ընտրություն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։