ԳլխավորԼուրԿրթություն

Որ մասնագիտություններն են նախընտրել դիմորդներն այս տարի

Այս տարվա դիմորդներն ամենից շատ դիմել են բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտությամբ՝ 591 դիմորդ:

Այս մասին «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիս ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունն է՝ 337 դիմորդ: Երրորդ տեղում դարձյալ ԵՊՀ-ն է իրավագիտություն մասնագիտությամբ` 304 դիմորդ:

Տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ մասնագիտության համար դիմել է 245 դիմորդ: 245 է նաեւ Բրյուսովի անվան պետական համալսարանի Սերվիս մասնագիտությունը։

Միասնական քննություններ հանձնողների ընդհանուր թիվը  11.486 է` ՀՀ-ում 10.957, Արցախի Հանրապետությունում՝ 529 դիմորդ:

Ներբուհական քննություններ հանձնողների թիվը (արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները) 1899 է: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը՝ 854:

Դիմորդների թվով, ըստ առարկաների, առաջին տեղում մաթեմատիկան է, բացառությամբ՝ Արցախի Հանրապետության եւ Տավուշի մարզի, որտեղ գերակշռում է հայոց լեզու եւ հայ գրականություն հանձնողների թիվը: Երկրորդ տեղում անգլերենն է, երրորդը՝ հայոց լեզու եւ հայ գրականությունը:

«Այս տարի դիմորդները պարտադիր հանձնելու են երկու միասնական քննություն. նրանց տրված էր հնարավորություն՝ ընտրելու օտար լեզվի կամ հայոց լեզու առարկաների միջեւ: Դիմորդների զգալի մասը, կարելի է ասել, ընտրել է օտար լեզուն»,- ասաց Նասիբյանը:

Դիմորդների շրջանում պահանջված բուհերից են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:

Այս տարի միասնական քննությունները սկսվելու են հունիսի 8-ին, ավարտվելու են հունիսի 25-ին:

Comment here