Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ընդունելության քննությունների արդյունքներին Երևան քաղաքում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ըստ ԳԹԿ կողմից ներկայացված տվյալների՝ հիմնական փուլում սահմանված շեմը հաղթահարել են դիմորդների 67,1 տոկոսը՝ 3158 դիմորդ, լրացուցիչ փուլում ընդունվել են ևս 402-ը: Ընդհանուր առմամբ Երևան քաղաքի դիմորդներից ընդունվել է 3560-ը՝ 75,6 տոկոսը, որից անվճար՝ 636-ը:
Փոխնախարարը ներկայացրել է նաև ընդհանուր պատկերն ըստ բուհերի: Առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է 914 ուսանողով, ապա Պոլիտեխնիկական համալսարանը՝ 457 ուսանողով, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է 409 ուսանողով։
Անդրադառնալով Հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Երևանից բուհ ընդունվել է 154 ուսանող:
«Այս տարի Մանկավարժական համալսարանում ունենք տարբերություն. բնագիտական մասնագիտությունները, որոնք նախորդ տարիներին թափուր էին, այս տարի զգալիորեն համալրվել են»,- ասել է նախարարի տեղակալը:
ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ՝ բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77000: Մեկ այլ ծրագրով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի 25 տոկոս լրավճար: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ սա բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների բացը լրացնելու և ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը խթանելու հերթական ծրագրերից մեկն է:
Անդրադառնալով մասնագիտություններին՝ նշվել է, որ ցանկը գլխավորում է «Բուժական գործ» մասնագիտությունը՝ 183 ուսանողով, այնուհետ «Ճարտարապետություն»՝ 146, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 90 ուսանող:
«Այս տարի ունեինք նաև տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններ, որոնք ուսումնասիրում են բնագիտական ոլորտը: Երևանից ունենք 155 ուսանող, որից 38-ը՝ ֆիզիկա, 30-ը՝ ռադիոֆիզիկա, 29-ը՝ հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում և այլն»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:
Միասնական քննություններում ամենաբարձր արդյունքներ գրանցած առարկաներն են «Անգլերենը» և «Հայոց պատմությունը»: Ըստ փոխնախարարի՝ մտահոգիչ են «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների միջին միավորները, ինչը ենթադրում է լրացուցիչ աշխատանք հետագա տարիներին դրանք ևս բարձրացնելու ուղղությամբ: