ԳլխավորԼուր

Երևանի մետրոպոլիտենը 2 օր 7 ժամով փակ կլինի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն չի գործելու, տեղեկացնում են մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի մասնակիցների հետ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Նկարահանման աշխատանքներն անցկացվելու են մետրոպոլիտենում, ինչի համար էլ այն ժամանակավորապես փակ է լինելու։

Երևանի մետրոպոլիտենը խոստանում է առաջիկայում մանրամասներ ներկայացնել նախագծից։

Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի 20-րդ մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում։ Մրցույթին մասնակցելու է 16 երկիր` Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։

Կարգախոսն է «Պտտի՛ր հրաշքը»։