ԳլխավորԼուր

«Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով». երևանյան բուհեր

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԵՊՀ-ն։

«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,-նշված է գառման մեջ:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են։ Իսկ երեկ՝ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նա դասադուլի ու գործդուլի կոչ էր արել։

Երևանյան մի շարք բուհեր ևս իրենց սոցիալական ցանցերում գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ իրենց մոտ դասապրոցեսը նորմալ է ընթանում։

Դրանց թվում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հայտնել են, որ բոլոր դասընթացները ընթանում են բնականոն հունով։

«Դասախոսներին և ուսանողներին տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի հետ կապված դժվարությունների և խցանումների պատճառով դասընթացները կարող են սկսվել որոշ ուշացումներով»,-նշել են ԵՊԿ-ից։

Իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում նշելով, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, հավելել են, որ այն ուսանողները, որոնք զգուշավորություն են դրսևորել և ի սկզբանե բուհ հասնելու մտավախություն են ունեցել, դասախոսների հորդորով դասապրոցեսին միացել են հեռավար ձևաչափով։

Տեղեկացնենք, սակայն, որ տելեգրամյան մի շարք ալիքներ տեսանյութեր են հրապարակել՝ գրելով, որ բուհերում դասադուլ է։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Այսօր մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։