ԳլխավորԼուր

Գորիսի պետական քոլեջը անժամկետ գործադուլի և դասադուլի կդիմի, եթե…

Գորիսի պետական քոլեջը

Գորիսի պետական քոլեջը իրազեկել է ՀՀ վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին  անժամկետ գործադուլի և դասադուլի, ինչպես և մի խումբ մանկավարժների՝ աշխատանքից ազատվելու մտադրության մասին։

Գլխավոր պահանջն է՝ Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող կամ տնօրենի պաշտոնակատար (մինչև տնօրենի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը) նշանակել Գորիսի պետական քոլեջի դասախոսներից որևէ մեկին։

Հակառակ դեպքում այլ ելք չի մնում, քան անժամկետ գործադուլի և դասադուլի հայտարարումը, նշված է իրազեկման մեջ։

Տեղեկացնենք, որ կառավարության ապրիլի 17-ի նիստում որոշում է ընդունվել Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով վերակազմակերպելու ու Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու մասին:

Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Հավելենք, որ Գորիսի պետական քոլեջը ստեղծվել է 1924 թվականին։ 2024-ի հոկտեմբերին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում կրթօջախի հիմնադրման 100-ամյակի առիթով, որին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հիմնվել է 1931 թվականին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews