ԳլխավորԼուր

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

Արաքսիա Սվաջյանը Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որով սահմանված են նոր ընթացակարգեր և մոտեցումներ՝ բոլոր այն ուղղություններով, որոնք բարելավման կարիք ունեն: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումների հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է:

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանն ընդգծել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ոլորտի զարգացմանը և նշել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը: Տնօրենի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ օրինակելի խելացի ֆերմա, որը կծառայի ոչ միայն կրթական գործընթացին, այլև հիմք կդառնա տարածաշրջանի ֆերմերների համար՝ կառուցելու իրենց արտադրությունը:

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենեջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։

CB4WBL նախագիծը ներառում է 6 հաստատություն Հայաստանից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից: