ԳլխավորԼուր

Դիլիջանի պետական  քոլեջն ու պետական բժշկական քոլեջը միաձուլվում են

Դիլիջանի պետական քոլեջ

Դիլիջանի  պետական  քոլեջն ու Դիլիջանի պետական բժշկական քոլեջը միաձուլման ձևով վերակակազմակերպվում են «Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն մշակվել է՝  ելնելով Դիլիջան քաղաքում սովորողների թվաքանակի նվազեցման միտումից և  ուսումնական հաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման պահանջից:

Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեում գործող ՀՀ ԿԳՄՍՆ «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 194 ուսանող, որոնց 79-ը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, իսկ գործող  Դիլիջան քաղաքի Ուսանողական 74 հասցեում գործող ՀՀ ԿԳՄՍՆ  «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին  սովորում են 196 ուսանող:

Որոշման մեջ նշվում է, որ նշված ուսհաստատություններին ամրացված տարածքների մի մասը չի օգտագործվում  ուսումնական գործընթացի կազմակերպման համար և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով:

Դիլիջանի պետական բժշկական քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգման  աշխատանքներ, ինչի ավարտից հետո Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջը  ուսումնական գործընթացը կիրականացնի  գործող նորմատիվների պահանջներին համապատասխան պայմաններում, իսկ մինչ վերանորոգման աշխատանքների ավարտը  Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջն  ուսումնական գործընթացը կիրականացնի  Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեի ուսումնական մասնաշենքում:

Նախատեսվում է  վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեի ուսումնական մասնաշենքը հանձնել Պետական գույքի կառավարման կոեմիտեին: