ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, Համաշխարհային բանկի զեկույցին՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ։
Ըստ այդմ՝ չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով։ Եվ սա այն դեպքում, երբ չափորրոշչի փորձարկումն իրականացվել է ճգնաժամային համարվող համավարակի պայմաններում, երբ աշխարհի կրթական համակարգում նկատվում էր հետընթաց։
Ըստ ՀԲ զեկույցի՝ չափորոշչի փորձարկման արդյունքում դրական դինամիկա է արձանագրվել, մասնավորապես, մաթեմատիկայի, բնագիտական, տեխնոլոգիական ուղղություններով, որը հանրակրթության պետական չափորոշչի հիմնական շեշտադրումներից է։
- Փուլային տարբերակով նոր չափորոշչի ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվի երեք տարում։
- Դասավանդումն իրականացվում է նոր մեթոդներով․ երեխան դասի ակտիվ մասնակիցն է։
- Գնահատման համակարգի փոփոխություն. դպրոցում հանվել է բացասական գնահատականը, սակայն ցածր առաջադիմություն ունեցողների համար անցկացվում են երկարօրյա հավելյալ պարապմունքներ։
- Նախագծային ուսուցումը խնդրի ձևակերպման և դրա լուծման կարողությունների զարգացման մասին է։
- Կրթության ռազմավարության ամենակարևոր գաղափարը՝ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է։
- Շարունակական աշխատանքներ են իրականացվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ․ նրանք կվերապատրաստվեն կարիքների գնահատման հիման վրա։
- 25 % հավելավճար է ստանում բնագիտական առարկաներ և ինֆորմատիկա դասավանդող շուրջ 8000 ուսուցիչ, 50% հավելավճար՝ գյուղական փոքր դպրոցների 3000 ուսուցիչ։
- Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչը կարող է առնվազն կրկնապատկել աշխատավարձը, գործում է նաև տարակարգի մեխանիզմը, որը մինչև 50% հավելավճարի հնարավորություն է ընձեռում։
- Վերանայվել է նոր դասագրքերի ստեղծման փորձաքննության ընթացակարգը. կներգրավվեն մասնագիտական կառույցներ։
- Սեպտեմբերից ՀՀ 16 ավագ դպրոցներում ներդրված է արհեստական բանականության դասընթաց, որի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։