Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով։ Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։ Բացի այդ, ըստ ԿԳՄՍՆ նախարարի N-405-Ն հրամանի՝ ևս մեկ օտար լեզվի ընտրության հնարավորությամբ, աշակերտները կարող են սովորել ևս մեկ օտար լեզու։ Այս կերպ ապահովվում է հանրակրթության շրջանավարտների բազմալեզվության և միջմշակութային կարողունակությունների զարգացումը։
Բնագավառի շրջանակում մշակված առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը շեշտադրում են աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը։ Նախատեսվում է, որ օտար լեզուներով հաղորդակցությունը կօգնի աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով։
Ի տարբերություն նախորդի` նոր չափորոշիչը և օրինակելի ուսումնական ծրագրերը կառուցվել են՝
• Հանրակրթության պետական չափորոշիչներում ներառված կարողունակությունների և կրթական աստիճանների համար նախատեսված վերջնարդյունքների հետ սերտ առնչությամբ:
• Հիմնական գաղափարների առանցքի շուրջ ձևավորվող կրթության մոդելով՝ «Հաղորդակցում», «Մշակույթ», «Քննական և ստեղծարար մտածողություն» և «Ինքնություն» հիմնական գաղափարների հենքի վրա:
• «Լեզուների իրազեկության եվրոպական շրջանակի» A1 – B2 մակարդակներին համահունչ․նախատեսվում է, որ հանրակրթության շրջանավարտը դպրոցը կավարտի B2 մակարդակի լեզվիմացությամբ:
• Բոլոր լեզուների համար որդեգրվել է նույն` հաղորդակցական կարողությունների զարգացման և ինտեգրման մոտեցումը, ուստի նախկինում «Ռուսաց լեզու» դասընթացում «Литературное чтение»-ի հատվածական գրական նյութերն այժմ դիտվում են որպես նույն դասընթացի անքակտելի մասը: Այդ նյութերը պետք է նպաստեն առաջարկվող թեմայի շրջանակում բանավոր և գրավոր խոսքի, քննական և ստեղծարար մտածողության կարողունակությունների զարգացմանը:
ԿԳՄՍՆ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։