ԳլխավորԼուր

Աշոցքում ու Գյումրիում փլուզումներ չկան. մարզպետ (լրացված)

Գյումրի

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»,-գրել է մարզպետը։

Ավելի ուշ նա հավելել է, որ «Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։

Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։

23։50-ին հոսանքը վերականգնվել է»։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան: