Շիրակցի դպրոցականներն այսօր մեկնել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որտեղ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը անցկացվելու են ուսումնական պարապմունքներ։
Տեղեկությունը հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Վաչագան Վարդանյանը բարի ճանապարհ է մաղթել՝ փոխանցելով մարզպետի խոսքը՝ հայրենիքի համար պիտանի և հայրենանվեր քաղաքացի ձևավորվում է դպրոցից։
Հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինվորական ծառայության գրավչության բարձրացման և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Նրանք կրթօջախում ծանոթանում են ակադեմիայի ընդունելության կարգին, ռազմակրթական նորացված ծրագրերին, կուրսանտների առօրյային, ուսումնական և կեցության պայմաններին, սպա դառնալու հեռանկարներին ու պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնություններին և սոցիալական երաշխիքներին։