ԳլխավորԼուր

Վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով

Եզդի աղջիկներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով հիմնախնդրի քննարկումը, ընդգծել է՝ վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով, ինչը, Արաքսիա Սվաջյանի վստահեցմամբ, խիստ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը շատ կարևոր է՝ վաղ ամուսնությունների հետևանքով առաջացող խնդիրները կանխարգելելու համատեքստում:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023-2024 ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են ազգությամբ եզդի 1319 աղջիկներ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից:

«Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժն ակնհայտ է ավագ դպրոցի տարիներին: Մասնավորապես, 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ դիտվում է սովորողների թվի 52,7 %-ի չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5 %, իսկ 12-րդ դասարանում՝ 88,2 %: Հասկանում ենք, թե սա որքան վատ ցուցանիշ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու ներկայացրել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, ազգությամբ եզդի սովորողների թվի առումով բուհերում աճ է նկատվում. «2020/21 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում ունեցել ենք ազգությամբ եզդի 34 ուսանողներ, որոնցից 9-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ: Մագիստրատուրայում կրթությունը շարունակել են ընդամենը 6 եզդի ուսանողներ, բոլորը՝ տղաներ: 2021/22 ուսումնական տարում ուսանողների թիվը փոքր-ինչ ավելացել է. բակալավրում այն կազմել է 40 (13-ը՝ աղջիկ), իսկ մագիստրոսական աստիճանում կրթությունը շարունակել են ընդամենը 5 ուսանողներ: 2022/23 ուսումնական տարում ունեցել ենք բակալավրի 55 ուսանողներ, որոնցից 17-ը՝ աղջիկներ: Մեկ տղա էլ կրթությունը շարունակել է մագիստրատուրայում»:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև այն քայլերին, որոնք ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկում է՝ իրավիճակը կանխելու նպատակով: Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակի գործունեությանը:

«Այս խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաներով ուսումնասիրություններ են կատարում, և սա ավելի ինտերակտիվ ձևաչափով իրականացվող ուսումնական գործընթաց է երեխաների համար՝ թույլ տալով նրանց մոտ հեշտությամբ ձևավորել բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողությունների հասնելու համար` նվազագույն պատկերացումների տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա դիտարկմամբ՝ վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում առողջ ապրելակերպից բացի՝ նշանակալի ազդեցություն կունենա նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման շուրջ տարվող գործընթացը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախորդ տարեվերջին լրամշակվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը գործում է դեռ 2021 թվականից:

«Հստակ առանձնացվել են ընթացակարգերը, և դրան համապատասխան՝ յուրաքանչյուր մարմին և գերատեսչություն գիտի իր անելիքները. տեղեկատվական համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, ինչը հնարավորություն կտա ինչպես դուրս բերել պարտադիր կրթությունից դուրս մնացած, այնպես էլ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին. 6 աշխատանքային օր անընդմեջ բացակայող երեխաները համարվում են ռիսկի տակ գտնվող, ու եթե բացակայության համար չկա հիմնավոր պատճառ, երեխաներին դպրոց հետ բերելու ուղղությամբ պետք է լրացուցիչ աշխատանք կատարվի: Մեր երկրում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հետևաբար յուրաքանչյուր ծնող պարտավոր է իրացնել իր երեխայի իրավունքը: Ինչ վերաբերում է տարիքային շեմի փոփոխությանը, ապա կարծում եմ՝ մենք ավելի շատ սովորողների իրավագիտակցությանը միտված կարողությունները պետք է զարգացնենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը: