ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնը, հաշվի առնելով քննական շրջանի մոտալուտ սկիզբը և դրա հետ կապված հնարավոր բացասական ապրումներն ու զգացողությունները, նախաձեռնել և կազմակերպել է «Քննական սթրես» թեմայով առցանց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է 27 ուսանող ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, տեղեկացնում են ԵՊՀ-ից։
Հանդիպումը վարել են ԵՊՀ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ Շուշաննա Հասասյանը և Վիկտորյա Ծատուրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչ է սթրեսը, ինչպես է այն առաջանում, որոնք են քննական սթրեսի հետ կապված ապրումները, ինչպես կարելի է կառավարել այն, հատկապես ո՞ր ավտոմատ մտքերը և ո՞ր սովորություններն են նպաստում սթրեսի ապրմանն ու վերապրմանը քննություններին պատրաստվելիս և քննության ընթացքում:
Բանախոսները գործնական խորհուրդներ տվեցին, թե ինչպես կարելի է հաղթահարել սթրեսը և անհագստությունը, իսկ ուսանողները պատմեցին, թե իրենք ինչպես են հաղթահարում քննական շրջանում առաջ եկող անհանգստությունը:
Հետադարձ կապի միջոցով ուսանողների կողմից եղան դրական արձագանքներ և հետագա հանդիպումների թեմաների առաջարկներ:
Նշենք, որ Անձի հոգեբանության ամբիոնը վերջին մեկ տարում կազմակերպել է մի շարք վեբինարներ, որոնք նվիրված էին սթրեսի հաղթահարմանը և դիմակայունությանը՝ նպատակ ունենալով զարգացնելու հոգեկրթության գաղափարը և նպաստելու հոգեբանական գիտելիքի կիրառմանն այս դժվար ժամանակաշրջանում:
Առցանց հանդիպման համար ընտրվել է «Քննական սթրես» թեման, քանի որ շատ հոգեբանական բնույթի խնդիրներ կարող են խոչընդոտ դառնալ ակադեմիական առաջադիմության համար, իսկ այդ խնդիրների հաղթահարումը կհանգեցնի ուսանողների անձնային աճին՝ նպաստելով նաև նրանց մասնագիտական զարգացմանը:
Նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Լուսանկարում՝ քննություն ԱրՊՀ-ում
Comment here
You must be logged in to post a comment.