ԳլխավորԽճանկար

Ես ԵՊՀ-ի նվիրյալ եմ, հավերժ ուսանող. Անուշ Մկրտչյան

Անուշ Մկրտչյան

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով Իսպանիայի Գրանադայի համալսարանում սովորող Անուշ Մկրտչյանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն. իսպաներեն» բաժնի մագիստրանտ է: Ներկայացնում ենք ysu.am-ի անդրադարձը։

Ես ընտրել եմ ու շարունակում եմ ընտրել ԵՊՀ-ն

Ի սկզբանե որոշված էր՝ Մայր բուհ եմ ընդունվելու, միայն մասնագիտության հարցում էի երկմտում: Ի վերջո ընտրեցի լեզուների աշխարհը: Դեռ դպրոցական տարիներից իմ առջև նպատակ էի դրել մի քանի լեզու սովորել, և այսօր արդեն 7 օտար լեզվի եմ տիրապետում: Համալսարան ընդունվել եմ անգլերենի իմացությամբ, 2-րդ կուրսում ընտրել եմ ամենաչքնաղ լեզուներից մեկը՝ ֆրանսերենը, 3-րդ կուրսում հաճախել եմ ԵՊՀ կորեերենի և կորեական մշակույթի դասընթացներին, իսկ մագիստրատուրայի 1-ին կուրսում պորտուգալերեն եմ ուսումնասիրել։ Ես հստակ գիտակցում էի, որ հենց համալսարանում պետք է դնեմ այն հիմնասյունը, որի վրա կկառուցեմ իմ կրթության լայն ու անեզր ուղին։ Սակայն պետք է նաև բուհից դուրս կրթվել, ընդլայնել մտահորիզոնը:

Երազանք, որը ԵՊՀ-ի շնորհիվ իրականություն դարձավ

Մայր բուհն առանձնահատուկ է ինձ համար. այստեղ ես խորությամբ ուսումնասիրել եմ մասնագիտությունս, իսկ ոլորտի լավագույն ու արհեստավարժ դասախոսները հիմնարար գիտելիքներ են տվել մասնագիտական վերելքի համար:

ԵՊՀ-ի շնորհիվ իրականացել է իմ երկար սպասված երազանքը. այսօր հնարավորություն ունեմ Իսպանիայում ծանոթանալ անդալուզիական մշակույթին։

Մի քանի ամսից ավարտելու եմ մագիստրատուրան, հետո մտադիր եմ ընդունվել համալսարանի ասպիրանտուրա. ես ԵՊՀ-ի նվիրյալ եմ, հավերժ ուսանող։

Պատրաստ եմ կյանքի նոր մարտահրավերներին

Ուսանողական տարիներն ինձ համար ամենահետաքրքիրն են, գունավորն ու հիշարժանը, քանի որ ձեռք եմ բերել ոչ միայն կրթություն, այլև նոր ընկերներ ու ծանոթություններ։ Ուսանողական կյանքն ինձ ավելի ինքնուրույն ու համարձակ է դարձրել, նախապատրաստել կյանքի նոր մարտահրավերներին։ Եղել եմ ՈՒԽ անդամ, ակտիվ մասնակցել ուսանողական տարբեր միջոցառումների, գիտական սեմինարների՝ համատեղելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը: Հասակակիցներիս խորհուրդ կտամ շատ կարդալ, ինքնակրթվել, լինել ակտիվ ու երբեք-երբեք չծուլանալ։ Հաջողության հասնելու համար պետք է չվախենալ խոչընդոտներից, համառորեն պայքարել ու սկզբունքային լինել։ Մարդը պետք է ինքն իրեն մարտահրավերներ նետի, բացահայտի իր հնարավորությունները, երազի, երազանքները նպատակ դարձնի ու հստակ քայլերով առաջ գնա։