ԳլխավորԼուր

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները

Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների՝ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքները, տեղեկանում ենք համալսարանի կայքից։

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված էին պրոֆեսորադասախոսական կազմի 20 թեկնածու:

Քվեարկության հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանը «Zoom» հարթակի միջոցով ներկայացրել է արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ առավել շատ ձայներ են հավաքել Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը:

ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը, ըստ քվեարկության արդյունքների, հավաքել են հավասար միավորներ, ինչի համար, ըստ նախապես սահմանված կարգի, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որը տեղի կունենա նույն ընթացակարգով հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

 

Comment here