ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանում Smart Caffe է բացվել

Հուլիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնը (SMART CAFFE): Կարմիր ժապավենը կտրելուց և հյուրերին կենտրոն հրավիրելուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, հայտնում են ՎՊՀ-ից։

Ծրագիրն իրականություն է դարձել Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակում:

ՎՊՀ կերպարվեստ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Կոնինյանն ու նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ստելլա Առաքելյանը ռեկտոր Ռ. Սահակյանի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ կենտրոնի վերանորոգման և ներքին հարդարանքի համար տարվող աշխատանքներին մասնակցություն ունենալու համար:

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջեցին և ծանոթացան կենտրոնի հնարավորություններին:

Նորաբաց և ժամանակակից պահանջներին համապատասխանող Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնը (SMART CAFFE)-ն հնարավորություն կտա բուհի ուսանողներին և դասախոսներին մասնակցելու վերապատրաստումների, ինտերակտիվ մեթոդներով կազմակերպվող դասընթացների՝ նաև թվային տիրույթում, ունենալ տարատեսակ քննարկումներ, ստեղծել և զարգացնել գաղափարներ, այդ թվում՝ բիզնես ուղղվածության: