ԳլխավորԼուր

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Հադրութի արվեստի դպրոց

Հադրութի արվեստի դպրոցի սաները

Ապրիլի 6-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին, տեղեկանում ենք Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։

Հաստատությունում ուսումնառող սաների ստեղծագործական զարգացմանն աջակցելու համար Պաշտպանի աշխատակազմը դպրոցին է փոխանցել «Միասին» բարեգործական նախաձեռնության կողմից ուղարկված անհրաժեշտ պարագաներ:

Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ բարձրացվել են շենքային պայմանների, դպրոցը` ստեղծագործական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաներով համալրելու, կրթական գործընթացի հետ կապված հարցեր:

Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի պատճառով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների։ Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղ ցուցաբերում են գոհացուցիչ արդյունքներ։