ԳլխավորԼուր

Ինքնակառավարում. գրավիչ առաջարկ՝ ԵՊՀ առաջին կուրսեցիների համար

«Սիրելի՛ ուսանող,

Քանի որ դու արդեն հասցրել ես լսել «Ինքնակառավարում» ծրագրի մասին ավագ կուրսեցիներից կամ ծանոթներից, ապա շտապում ենք ուրախացնել, որ այն արդեն իսկ սպասում է քեզ:

Եթե ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսեցի ես, և ցանկանում ես ուսանողական կյանքդ վերածել գունային հրավառության, եթե ցանկանում ես ֆորմալ գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել գործնական հմտություններ և հիանալի ընկերներ, ուրեմն քո աստեղային ժամը մոտեցել է:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը փետրվարի 10-15-ը կազմակերպում է «Ինքնակառավարում» ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում կլինեն առցանց դասընթաց-քննարկումներ «ԵՊՀ կառավարում և Ուսանողական խորհուրդ», «Ուսանողի իրավունքներ և պարտականություններ» թեմաներով:

Առաջին փուլից հետո կիրականացվի հարցազրույցի փուլ, որի արդյունքում շուրջ 60 ուսանողներ հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի երկրորդ՝ ծաղկաձորյան փուլին (փետրվարի 26-28, Ծաղկաձոր), որի շրջանակներում կիրականացվեն թիմային տարբեր հանձնարարություններ, կրթական խնդիրների քննարկումներ, պրակտիկ հմտությունների զարգացում, ֆասիլիտացիայի հմտություններ և այլ թեմաներով դասընթացներ:

Ծրագրի նպատակը ԵՊՀ առաջին կուրսեցիների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրների, ԵՊՀ կառուցվածքի և կառավարման, ուսանողական կառույցների վերաբերյալ:

Շտապի՛ր դիմել այս ծրագրին և միացի՛ր մեր ամուր ու խենթ համայնքին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:

Հ.գ. Եթե դու չես սովորում ԵՊՀ-ում, առաջին կուրսեցի չես, ապա պարզապես մի՛ դիմիր այս ծրագրին, և բարի նախանձով հետևիր դիմողներին: :)»,-տեղեկացնում են ԵՊՀ ուսանողական խորհրդից։

Comment here