ԳլխավորԼուր

Ֆրանսիայում ուսանողները միացել են համազգային գործադուլին

Բողոքի ակցիաներ Ֆրանսիայում

Մարտի 7-ի լույս գիշերը Ֆրանսիայում ցուցարարները սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը։ Որոշ տեղերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական տեղեկատվական ծառայությունները։

Ուսանողական LPL շարժումը Twitter–ի իր էջում գրում է, որ գիշերը ավելի քան 200 մարդ սկսել է արգելափակել ճանապարհները երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Լորյան քաղաքում։

Բացի այդ, մարտի 7-ի լույս գիշերը աղբահանները Փարիզում և Իլ-դե-Ֆրանսում արգելափակել են երթևեկությունն ու խափանել աղբահանությունը։

Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։

Բացի այդ, ուսանողներն այսօր առավոտյան սկսել են փակել համալսարանների մուտքերը։

Euronews-ը հայտնում է, որ ամբողջ երկրում նախատեսվում է ավելի քան 270 բողոքի ակցիաներ անցկացնել։

Փարիզի «Շառլ դե Գոլ», «Օռլի», «Բովե», ինչպես նաև խոշոր քաղաքների օդանավակայանները չվերթների քանակը մարտի 7-ին և 8-ին կկրճատեն 20-30 տոկոսով։

Ֆրանսիայի փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար (CPME) Ժան-Էդ դյու Մեսնիլը հայտարարել է, որ համընդհանուր գործադուլի 1 օրը երկրին կարժենա 1.5 միլիարդ եվրո։

Փետրվարին Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել էին մարտի 7-ին ազգային գործադուլ անցկացնելու մասին` հորդորելով «արգելափակել երկիրը», եթե կառավարությունը շրջանառությունից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը։

Տեղեկացնենք, որ դրանով նախատեսվում է, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու տարիքը դարձնել 64՝ 62-ի փոխարեն։