ԳլխավորԼուր

Հայաստանի պատանի բռնցքամարտիկներն առաջինն են Եվրոպայում

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է փայլուն արդյունքով։ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին Իտալիայում նվաճել է 5 մեդալ, որից երկուսը՝ ոսկե, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են 46 կգ քաշային, Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։

Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մրցամարտին, և մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։

Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հայաստանի տղաների հավաքականը թիմային պայքարում առաջին տեղն է գրավել։