ԳլխավորԽոսք

Գեորգի Գյուրջիև. «Կյանքը իրական է, քանի դեռ կամ»

Գեորգի Գյուրջիև, մեդիտացիա

Ներկայացնում ենք հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի (հունվարի 13, 1866 –  հոկտեմբերի 29, 1949) «Կյանքը իրական է, քանի դեռ կամ» հոդվածը։

***

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր:

Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:

Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:

Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է: Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:

Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում: Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:

Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել:

Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:

Թրգմ. Նունե Մովսիսյանի