ԳլխավորԼուր

«Արցախի պատմությունը» պոկո՞ւմ են «Հայոց պատմությունից». պատմաբանները վտանգ են տեսնում

Հայոց պատմության դասագիրք

Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր՝ 2023-24 թթ. ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան. «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ ընդգծելով՝ Արցախի պատմության ծրագիրը կազմվում է այն տրամաբանությամբ, որ ժամանակագրական առումով փոխլրացնելով «Հայոց պատմությունը», այդ համատեքստում տեղայնացվեն Արցախին վերաբերող իրադարձությունները:

Պատմաբան Սուրեն Մանուկյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենևին չի պատկերացնում Արցախի պատմությունը Հայոց պատմությունից զատ և անջատ. «Չեմ պատկերացնում` ինչու են արհեստականորեն Արցախի թեման պոկում Հայոց պատմությունից: Եթե ասվեր, որ «Հայոց պատմության» շրջանակում առանձին ուշադրություն պետք է դարձվի Արցախի թեմային, պետք է  խորացվի  այն, հասկանալի կլիներ: Մենք նույնիսկ  Կիլիկայի պատմությունն առանձին չենք անցնում, թեպետ Կիլիկիան աշխարհագրորեն Հայկական լեռնաշխարհից մի քիչ հեռու է: Այս պահի դրությամբ  չեմ հասկանում այդ ծրագրի իմաստն ու նպատակահարմարությունը»,-ասաց նա:

Պատմաբան Աշոտ Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Արցախի պատմությունը» «Հայոց պատմության» անբաժանելի մասն է, և եթե ցանկություն կա խորությամբ անդրադառնալու Արցախի պատմության ինչ-ինչ դրվագների, կարելի է կազմակերպել առանձին դասընթացներ, հրավիրել մասնագետների. «Մենք Արցախը կորցնելու  վտանգի առաջ ենք, նման հարց են բարձրացնում. դա ոչ մի բան մեզ չի տալու: Դա ես  ճիշտ չեմ համարում: Բուհերում` մագիստրոսական ծրագրերում, կարելի է մտցնել մի կիսամյակ հատուկ առարկա` Արցախի պատմության վերաբերյալ, իսկ դպրոցներում կազմակերպել դասընթացներ: Ի՞նչ միտք ունի այն առանձին դնել դպրոցում: Մեր ընդհանուր Հայոց պատմությունից Արցախը տարանջատելու միտում եմ տեսնում, որը ճիշտ չէ»,-նշեց նա:

Նախատեսվում է, որ «Արցախի պատմություն» առարկան առաջին փուլում կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ