ԳլխավորԼուր

«Խաղաղություն առանց պատերազմի». միջոցառումներ Արցախում

Մայիսի 3-ին Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում «Արցախն ապրում է» միջոցառումների շրջանակներում կայացավ Ռուսաց լեզվի օրերին նվիրված «Խաղաղություն առանց պատերազմի» խորագրով միջոցառումը։ Տեղեկությունը հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

Սկզբում ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշատախտակին, այնուհետև աշակերտները հանդես եկան ասմունքով, երաժշտական ու պարային կատարումներով։

Ելույթի խոսքում ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ոգեկոչելով Արցախյան երեք պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, նշեց, որ անգնահատելի է նրանց ունեցած ավանդը հայրենիքի փրկության գործում:

Ա. Հակոբյանն իր երախտիքի խոսքը հղեց նաև միջոցառմանը ներկա ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին Արցախում կատարած խաղաղարար առաքելության համար:

Միջոցառումներ են տեղի ունեցել Ստեփանակերտի հ.1 հիմնական, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցներում: ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռ. Օսիպովի հավաստմամբ՝ դրանք լինելու են շարունակական։