ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազաները որպես կեցավայր տրամադրվել են Արցախից տեղահանվածներին

ԵՊՀ-ի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա

ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում, Usanogh.am-ին հայտնում է ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Այսօրվա դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սնունդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ։

ԵՊՀ ռեսուրսներով արցախցիներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։