ԳլխավորԼուր

«Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ». Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ, թիրախավորվում են նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Բնակելի տները նույնպես Ստեփանակերտում են թիրախում Ադրբեջանի կողմից։ Այս շենքը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածում։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,- մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։